Holy Matrimony

“A man will leave his father and mother and be united to his wife, and they will become one flesh.” (Gen. 2:24)

The Sacrament of Holy Matrimony or Marriage is the consecration of the union between a man and a woman for life in lawful marriage.  By mutual accord of the man and the woman, they are united together with a spiritual bond to each other and to the Church.

During the marriage ceremony the rings are blessed and the couple is crowned as king and queen of their small kingdom, which is their newly established family. They are called to faithfully love each other until the end of their lives and to rule their kingdom with faith and wisdom. The crowns are symbolic of the King and Queen of Armenia, Saints Trdat and Ashkhen, who, through Saint Gregory the Illuminator, proclaimed Christianity as the state religion in 301 A.D.  The couple’s foreheads and right hands are joined together as a prayer is recited naming the Patriarchs of the Old Testament.  The Godfather (Gnkahayr) holds a Cross over the crowns, symbolizing the Christian interpretation of the reflective processes in their decision to marry and their intellectual union.

The “Rite of Crowning” is followed by the “Blessing of the Common Cup”. A goblet of wine is given to the bride and groom, as well as the Godfather and Godmother (Best Man and Maid of Honor).  The wine symbolizes the first miracle of Christ in Cana of Galilee where He transformed water into wine at a wedding so that it could be enjoyed by the guests. As the bride and groom drink from the cup they are called on to share everything in life from that moment on.

For the sacrament of Holy Matrimony to be performed in the Armenian Church, both the bride and the groom must have received a Christian Baptism and Chrismation. The major sacramental witness, the Godfather, should be a member of the Armenian Church.

—————————————————————————————————————–

 

ՊՍԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ

 

«Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը,

և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ»

(Սիրաք, ԻԵ, 1-2):

 

ԽՐԱՏ  –ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

Միմյանց նկատմամբ սեր տածելով աշխատում ենք այդ մտերմիկ սերտ կապն առավել ամուր դարձնել: Կարծես առաջանում է ներքին մի միություն, որն իր մեջ խաղաղություն է պարունակում: Այսինքն՝ միության մեջ խաղաղության երաշխիքը կա, իսկ ինքը՝ միությունը,

հանդես է գալիս որպես սիրո պտուղ: Այսպիսի սիրո մեջ էին ապրում նախաստեղծ մարդիկ՝ Ադամն ու Եվան, երբ Աստված միշտ իրենց հետ էր, իսկ իրենք էլ միշտ զրուցում էին Աստծու հետ: Մարդը մեղքով կորցրեց այդ սերը, միությունը: Սակայն Աստված լքված չթողեց մարդուն, այլ իր սիրով եկավ, միացավ մարդուն և իր միությամբ խաղաղության նախադրյալներ ստեղծեց մարդկանց մեջ:

Հիսուս Հորն ուղղված Իր աղոթքի մեջ ասում է. «Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր Ինձ հավատացողների համար, որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ, որպեսզի նրանք էլ Մեր մեջ լինեն»(Հովհ. ԻԷ 20-21):

Միասին լինելու սկզբունքը սիրո իրագործումն է: Սերն արտահայտվում է ինչ որ բանի նկատմամբ անհուն ձգտումով, որպեսզի ի վերջո միանաս կամ հասնես քո ձգտմանը, նպատակին: Եթե այդ բաղձանքը մենք իրագործում ենք աշխարհային աղտեղի սին կարիքների համար, ապա վատնում ենք Աստծու շնորհը, և այն այլևս սեր չէ: Ինչպես լույսի մեջ խավար չկա, այնպես էլ սիրո մեջ բացասական երևույթները տեղ չունեն, հետևաբար սերը ձգտումն է բարության, երջանկության, խաղաղության, անկեղծության, ի վերջո այն ամենի, ինչը որ մեզ դրական լիցք է փոխանցում՝ բարձրացնելով մարդուն երկրաքարշ ցանկություններից: Սիրո մեջ Աստված Ինքն է բնակվում և Իրենով այն սրբագործում: Հիսուս այդ վերջնական, միասնական երջանկության մասին հետևյալն է ասել. «Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց Քո անունով, որով Ինձ տուեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես Մենք էլ մի ենք»(Հովհ. ԺԷ 11), «Եվ Ես տվեցի նրանց այն փառքը, որ Դու Ինձ տվեցիր, որպեսզի մի լինեն, ինչպես և Մենք մի ենք: Ես՝ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ: Եվ աշխարհը գիտենա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ. և Ես սիրեցի նրանց, ինչպես Դու Ինձ սիրեցիր: Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կամենում եմ, որ, ուր Ես եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն … որպեսզի այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և Ես՝ նրանց մեջ (Հովհ. ԺԷ 21-24, 26):

Աստվածային այս սիրո փոքրիկ օրինակն է ընտանիքը, որի կայացումը Եկեղեցին վավերացնում է Պսակի սուրբ խորհրդով: Այս խորհրդով երկու հեռավոր անձնավորություններ՝ այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում միմյանց, դառնում մեկ մարմին և մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և իր Եկեղեցու միության օրինակի, նվիրվում միասին Աստծու արքայության առաջադիմության համար աշխատելուն և նրա բաղկացուցիչ ընտանիքը կազմելուն:

Երբեմն մենք սխալ ենք ըմբռնում ամուսնությունը՝ նայելով այս հարցին միայն մարմնավոր աչքերով: Ուստի պետք է քաջ գիտակցել, որ այն սեռական կապից առավել սիրո վրա հաստատաված փոխադարձ նեցուկ լինելու սկզբունքն է իր մեջ բովանդակում: Առաջին կինը չստեղծվեց միայն սերնդագործության նպատակով, այլ Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»(Ծննդ. Բ 18): Աստված կյանքի ընկեր տվեց մարդուն, հետևաբար սիրել միմյանց չի նշանակում միմյանց աչքերի մեջ նայել, այլ երկուսով մեկ նպատակ ունենալ, մեկ նպատակի նայել, և այդ ճանապարհի մեջ միմյանց օգտակար ու օգնական լինել:

Պսակի խորհուրդը երբևէ կնքված ամենից մեծ դաշինքն է, որ առհասարակ կարող են միմյանց մեջ հաստատել երկու անձինք: Ո՛չ ազգակցական, ո՛չ էլ բարեկամական կապերը չեն կարող այդ աստիճանի մտերմություն ստեղծել երկու անձերի միջև: Մարդկային ոչ մի դաշինք չի կարող տղամարդուն կամ կնոջն այնքան նեցուկ ու խրախույս լինել աստվածային արքայության ընտանիք կազմելու գործի մեջ, որքան այն ամուսնությունը, որը Եկեղեցու այդ ս. խորհրդով մտնում է Աստծու օրհնության վայելքների ու Նրա արքայության անդամակցության մեջ:

Այս ճանապարհին զույգերը ո՛չ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն, այլև ներքին՝ հոգևոր: Աստված սեր է և մեր երանությունը իրագործվում է սիրով Աստծու հետ միանալով. հետևաբար չկա սեր, չկա երանական միություն այնտեղ, որտեղ չկա Աստծու օրհնությունը: Իսկ միությունը, որ սիրո և ճշմարտության միություն չէ, այլ զուտ հաճույքի, չի կարող Աստծու արքայության իրականացման տարր կազմել այս աշխարհում: Այնպես որ ամուսնության մեջ մարմնականը չպետք է նպատակ լինի, այլ՝ հոգևորը: Այդ պատճառով Պողոս առաքյալն ամուսինների ճշմարիտ սիրո մասին խոսելիս շեշտում է ամուսնության մեծ նշանակությունն՝ ասելով. «Այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ» (Եփ., Ե 32):

Եկեղեցին այս նյութական աշխարհային կենցաղի մեջ չի մերժում ընտանեկան երջանկությունը՝ պարտադրելով միայն հոգևոր սկզբունքներ, այլ մերժում է, երբ մենք ստրկորեն ծառայում ենք ընտանիք հասկացության միայն «վայելի՛ր» սկզբունքին՝ մոռանալով աստվածադիր «սիրի՛ր» պատվիրանը:

————————————

 

ՊՍԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 «Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և
 
ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և
 
մորը ու պիտի գնա իր կնոջ ետևից և երկուսը մեկ  մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն՝ ոչ թե երկու, այլ  մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց,մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 4-6)

 Պսակի խորհուրդը հաստատվել է դեռևս Դրախտում, Աստծու կողմից (Ծննդ. Բ 18, 22-24):

 Քրիստոնեական Եկեղեցում Պսակի խորհրդի ժամանակ, այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են և ստանում Սուրբ Հոգու շնորհը, որով այդ միությունը, որպես անխախտ դաշինք, ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար՝ զավակներ ունենալու և նրանց քրիստոնեական ոգով դաստիարակելու:

 

Երկրի վրա կնքված այս դաշինքի «խորհուրդը մեծ է» (Եփես. Ե 32), քանզի քրիստոնեական պսակը և ընտանիքը պատկերն ու մանրակերտն է երկնային մեծ ու անճառելի խորհրդի՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ու Իր Եկեղեցու անխախտ միության: Ինչպես փեսան թողնելով իր հորը գնում է հարսի մոտ, այնպես էլ Հիսուս, թողնելով Հայրական Գահը եկավ, Իր հարսի՝ Եկեղեցու մոտ և անքակտելիորեն միավորվեց նրա հետ:

 

Աստվածային այս սիրո օրինակն ու իրագործումը քրիստոնեական ընտանիքն է, որի կայացումը Եկեղեցին վավերացնում է Պսակի սուրբ խորհրդով: Այս խորհրդով երկուսը՝ այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում միմյանց, դառնում մեկ մարմին և մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և իր Եկեղեցու միության օրինակի, նվիրվում են Աստծու արքայության առաջադիմության համար միասնաբար աշխատելուն:

 

Այս ճանապարհին ամուսինները ո՛չ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն, այլև ներքին՝ հոգևոր: Այնպես որ ամուսնության մեջ մարմնականը չպետք է գերակշռի, այլ՝ հոգևորը: Մասնավորապես պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նշանակն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի: Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, և պետք է զերծ մնալ պոռնկական ցանկություններից: Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե ուրախությունները և թե դառնություններ միասին պետք է ճաշակեն:

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Եկեղեցին հետևյալ պայմաններն է առաջարկում երիտասարդ զույգերին առողջ և ամուր ընտանիք կազմելու նախաշեմին.

 

Ամուսնության կարևորագույն նպատակներից մեկը որդեծնությունն է: Հետևաբար ամուսնական կապի համար մարմնական կանոնավորությունն անհրաժեշտ է: Առողջական խնդիրներից ելնելով՝ արգելվում է ամուսնությունը կնատների, ներքինիների, ինչպես նաև հայտնի ամուլների:

 

Անհրաժեշտ է նաև հասունությունն ու չափահասությունը, մարմնապես ու հոգեպես առողջ սերունդ ունենալու, և թե սիրո ու բարոյականության գաղափարի հաստատության տեսակետից: Ըստ որում կինը պետք է չափահաս լինի (17 տարեկան), իսկ տղամարդն առավել տարիներով (20-25): Կարևորվում է նաև արենակցական կապը: Հայոց Եկեղեցին տասներեքերորդ դարում սահմանադրեց, որ պսակվողները յոթը պորտով բաժանված լինեն միմյանցից (որդին հոր հարաբերությամբ մեկ աստիճան է, մեկ պորտ է, թոռը՝ երկու, այսինքն՝ երկու անձերի միջև եղած ծնունդների թիվը հաշվվում է որպես աստիճան կամ պորտ, երկու եղբայրներ կամ քույրեր միմյանց նկատմամբ երկու պորտ են, այր և կին առանձին աստիճան չեն ներկայացնում, որովհետև մեկ մարմին են):

 

Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնության թեկնածու տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված և դրոշմված: Եկեղեցին արգելում է որևէ քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն:

 

Փոխադարձ սիրո հիմքը միահավատությունն է, որովհետև հավատքով է աճում մարդկանց հոգևոր կյանքը: Տղամարդը տան գլուխն է, կինը՝ սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով ու նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ:

 

Պսակի խորհուրդը անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից՝ խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ: Գաղտնի կատարված պսակն անվավեր է: Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է: Եկեղեցին երկու անգամ է թոյլ տալիս կատարել Պսակի խորհուրդը. «Կանոն կուսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի»: Երրորդ պսակն անթույլատրելի է:

 

Պսակադրության արգելված օրերն ավարտվում են եկեղեցական օրերի կանոնով, այսինքն՝ երեկոյան ժամերգությունից հետո: Ուստի պսակն օրհնվում է արգելված օրը երեկոյանալուց հետո, պայմանով, որ հաջորդ օրն իր հերթին արգելված օր չլինի: Պսակի համար արգելված օրերն են.

 

1. Տարվա բոլոր կիրակի օրերն առանց բացառության:

 

2. Յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օր (բացառությամբ Նոր Կիրակիից մինչև Համբարձում ընկած չորեքշաբթի և ուրբաթ օրերը):

 

3. Հինգ տաղավար տոների մեռելոցի օրերը:

4. Ս. Ծննդյան, Անվանակոչության, Տյառնընդառաջի, Ավետման և Համբարձման օրերը:

5. Ամբողջ մեծ պահքի և զատկական առաջին ութ օրերը:

6. Առաջավորաց, Վարդավառի, Ս. Աստվածածնի, Խաչվերացի, Հիսնակաց և Ս. Ծննդյան շաբաթապահքի հինգ օրերը:

Պսակը անլուծելի է պետական կամ մարդկային որևէ իշխանության կողմից. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6): Ինչպես որ անհնար է Քրիստոսին Իր Եկեղեցուց բաժանել, այնպես էլ անհնար է մարդուն իր կնոջից բաժանել: Եկեղեցին՝ Ավետարանների մեջ ամուսնության մասին հատվածները մեկնելով (Մատթ. Ե 32, ԺԹ 3-10, Մարկ. Ժ 2-12, Ղուկ. ԺԶ 18), ընդունում է, որ պսակը լուծվում է միայն շնության մեղքի պատճառով:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հայոց Եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ, ամուսնալուծությունը թույլատրում է հետևյալ պարագաներում.

1. Պոռնկության դեպքում:

2. Երբ ամուսիններից մեկը վարակված է անբուժելի և վարակիչ հիվանդությամբ:

3. Երբ ամուսիններից մեկը դիվահար է կամ խելագար:

4. Երբ ամուսիններից մեկը 7 տարի բացակայում է տնից:

Պսակն անվավեր է, երբ.

1. Գաղտնի է կատարվում:

2. Բռնությամբ:

3. Պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի:

Ամլության պատճառով ամուսնալուծում չի կատարվում: Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվում, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսևորումներ կան:

 

Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում, և միայն նա, որի գլուխը կաթողիկոսն է, իրավունք ունի այն լուծելու:

«Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց,

ինչպես որ վայել է ի Տեր:

Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց»

(Կողոս. Գ 18-19):

 

Ղուկաս աբեղա Զաքարյան